երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նորատուսում ավարտական փուլում են գտնվում սուբվենցիոն երեք ծրագրերը

Նորատուսում ավարտական փուլում են գտնվում սուբվենցիոն երեք ծրագրերը

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է Նորատուսի համայնքապետարանի վարչական շենքը, ասֆալտապատվում են Վահան Տերյան եւ Թումանյան փողոցները, լուսավորության ցանց է կառուցվում 22 փողոցներում եւ նրբանցքներում։

«Նորատուսի համայնքապետարանի վարչական շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 30 միլիոն 587 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվանից եւ օգոստոսի 18-ի դրությամբ իրականացված են մոտ 80 տոկոսով։ Նորատուսի Վահան Տերյան եւ Թումանյան փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմել է 44 միլիոն 900 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը: Տերյան փողոցում ասֆալտապատվել է 900, Թումանյան եւ դեպի թիվ 3 միջնակարգ դպրոց տանող փողոցներում՝ 571 գծամետր ճանապարհ։

Ասֆալտապատված մակերեսը կազմում է 8826 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիս ամսին եւ օգոստոսի 18-ի դրությամբ արդեն հասցվել են ավարտի։

Նորատուսի 22 փողոցների եւ նրբանցքների լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 900 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Լուսավորության ցանցը կառուցվում է 4550 գծամետր երկարությամբ։ Տեղադրվում է 134 լուսատու։ Ցանցն աշխատելու է լեդ-համակարգով։ Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսը»,- ներկայացրեց Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը։

 

  • Կիսվել: