Նորարարությունների կիրառումն ապահովում է աշխատանքի թափանցիկություն, խնդիրների արագ լուծում. Երևանի քաղաքապետ
Աշխատանքում նորարարությունների կիրառումն ապահովում է դրա թափանցիկությունը և հնարավորություն է տալիս քաղաքացիներին հետևել իրենց հետաքրքրող բոլոր գործընթացներին. դա նաև հնարավորություն է տալիս արագացնել առաջացած խնդիրներին լուծում տալու գործընթացը և ապահովել ճշգրիտ տեղեկատվություն:
«Երևանը նման փոխանակման ծրագրերի շրջանակում շատ բան ունի փոխանցելու, քանի որ ունի իրեն յուրահատուկ խնդիրներ. կարող եմ ասել, որ Երևանում կան մի շարք խնդիրներ և այդ խնդիրներին մենք փորձում ենք համակարգային լուծումներ տալ, որպեսզի այդ նույն լուծումները կարողանանք օգտագործել նաև այլ համայնքներում»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
«Այժմ թարմացնում ենք ամբողջ գույքահարկի, անշարժ և շարժական գույքի բազաները: Կառավարության հետ համատեղ տարեսկզբին փոփոխություններ իրականացրեցինք, և զրոյական տեղեկանքների համար քաղաքացիներն այլևս կարիք չեն ունենա գալ քաղաքապետարան: Նոր հեռախոսային հավելվածի միջոցով էլ քաղաքացիները հնարավորություն կունենան վճարումներ իրականացնել աղբահանության համար: Այս ամենի կիրառումը հնարավորություն է տալու, որպեսզի այն խնդիրները, որոնք քաղաքում կան և բարձրացվում են քաղաքացիների կողմից, արագ լուծումներ ստանան»,- եզրափակեց քաղաքապետը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն ընդգծեց, որ Եվրամիությունը նորարարությունը դիտարկում է որպես տնտեսական զարգացման և աճի շարժիչ ուժ:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ մեր առջև ծառացած խնդիրներին մեկ միասնական լուծում լինել չի կարող, իսկ եթե ուշադրությունը սևեռենք միայն մեկ ուղղության վրա, օրինակ՝ տնտեսական ուղղության զարգացմանը, ապա մյուս մարտահրավերների դեմ պայքարելու հնարավորությունը կկորցնենք, հետևաբար անհրաժեշտ է համակողմանի և համակարգված մոտեցում:
«2021 թվականից ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրով առաջարկվող գործողությունների նպատակն է խթանել համայնքներում ներառական տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները նորարարական գործիքակազմի փորձարկման միջոցով, ինչը առավելագույն շոշափելի օգուտներ կբերի քաղաքացիներին»,- եզրափակեց նա: