երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը ձայների 425 կողմ, 25 դեմ հարաբերակցությամբ ընդունել է «Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը նորից ընդունելու փորձերի և քաղհասարակության նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ» բանաձևը:

Փաստաթուղթը խստորեն դատապարտում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում Եվրոպական Միության արժեքներին և սկզբունքներին։ Ըստ բանաձևի՝ «Վրաստանում օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը վնասում է Վրաստանի միջազգային վարկանիշին և սպառնում երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը։

«Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ այդ օրինագիծն օրակարգում է», - ասված է խորհրդատվական բնույթ ունեցող բանաձևում: Եվրապատգամավորները նաև կոչ են անում Վրաստանի իշխանությանը հարգել քաղաքացիների հավաքների ազատության և խաղաղ ցույցերի իրավունքը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ամոթալի է որակել Եվրախորհրդարանի բանաձևը: Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը ցանկանում է, որ Վրաստան գաղտնի ձևով «սև փողեր» հոսեն, որոնք կօգտագործվեն Հանրապետության շահերի դեմ:

  • Կիսվել: