երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ

Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ

Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափով։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նման փոփոխություններ է առաջարկում անել «ՀՀ հարկային օրենսգրքում»։
 
Ըստ նրա` այսօր, երբ քաղաքացին մեքենան տանում է տեխզննման, համակարգը ստուգում է տվյալ մեքենայի հետ կապված նրա հարկային պարտավորությունները։ Եթե տվյալ տարվա գույքահարկը քաղաքացին չի վճարել, ապա նա պարտավոր է վճարել այն ամբողջովին։
«Օրենքի այս դրույթը, որ ժամանակին գույքահարկը կապվել է տեխզննման հետ, հասկանալի է` ժամանակին ինչ հիմնավորումներ է ունեցել. սա եղել է գործիք, որի միջոցով պետությունը կարողացել է ապահովել գույքահարկի հավաքագրումը։ Կարծում եմ` արդարացի կլինի, եթե քաղաքացին վճարի այդ պահին ունեցած պարտավորությունը կամ նախորդ տարիների պարտքը։
 
Եթե քաղաքացին մինչև դեկտեմբերի 1–ը ժամանակ ունի գույքահարկը վճարելու ու հունվարին կամ փետրվարին տանում է մեքենան տեխզննման, ապա կարծում եմ, որ պետք չէ նրան ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները»,– նշեց Թունյանը։
Որպես նախագծի հեղինակ` նա առաջարկում է օրենքի մեջ ընթացիկ տարվա փոխարեն տվյալ դրույթը շարադրել այնպես, որ խոսքը վերաբերի միայն նախորդ տարիների հարկային պարտավորություններին։
 
«Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ դեպքեր են լինում, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, ապա այդ մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ, որպեսզի իր ավել վճարած գումարը փոխհատուցեն, կամ ինչ–որ այլ մեխանիզմներով դա հաշվի առնվի»,– ընդգծեց պատգամավորը։
 
Նա տեղեկացրեց, որ օրենքի փոփոխություններն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1–ից։
 
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն իր հերթին նշեց, որ կառավարությունն այս նախագծի հիմքում դրված տրամաբանությունը համարում է ընդունելի, սկզբունքային առարկություններ չունի, սակայն խմբագրական մի շարք փոփոխությունների առաջարկ ունի։
«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։ Ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը նիստին ներկա չէր։

  • Կիսվել: