Ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք. նախարար
Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ կատարվել է 2336 հետազոտություն:
Ըստ նրա, նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում. «Այսինքն՝ այդ իմաստով վիճակը չի փոխվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միևնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է»։
Նրա խոսքով՝ կիրակի օրվանից սկսած հոսպիտալիզացիայի առումով իրավիճակը բավականին բարվոք է։
«Առավոտյան 09:00-ի դրությամբ կա 51 քաղաքացի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացվելու կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոց: Նրանցից 2-ը տանն են, մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մահճակալային ֆոնդի առումով բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց այդ տեղերը շատ արագ են զբաղվում։
Նա նաև վստահեցրեց, որ բուժօգնության կարիք ունեցող և բուժօգնություն չստացող քաղաքացի չկա, բայց, ըստ նրա, դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է:
Ըստ Արսեն Թորոսյանի՝ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նույնպես կայուն է. «Այսօրվա դրությամբ կա 502 ծանր վիճակում գտնվող պացիենտ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը հասնում է 113-ի, իսկ 40 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին»։


