շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մշակույթի ոլորտում կներդրվի կառավարման նոր համակարգ․ մոդելն առաջին փուլում իրականացվելու է թանգարանների համար

Մշակույթի ոլորտում կներդրվի կառավարման նոր համակարգ․ մոդելն առաջին փուլում իրականացվելու է թանգարանների համար

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի կողմից մշակույթի ոլորտում կներդրվի կառավարման նոր համակարգ, առավել արդյունավետ կդառնա մշակութային ժառանգության հանրահռչակումը: Այս նոր նախաձեռնությամբ նախատեսվում է բարելավել մշակութային ոլորտում կառավարման համակարգը, ինչպես նաև ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել։ Այս մոդելն առաջին փուլում իրականացվելու է թանգարանների համար։ Հրավիրված ասուլիսոմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ նոր մոտեցմամբ բավականին բեռնաթափվելու է թանգարանների ծանրաբեռնվածությունը։  

«Սա, կարելի է ասել, թանգարանների կառավարման մոդելի փոփոխություն է։ Հիմնադրամն իր վրա կվերցնի վարչատնտեսական գործառույթներ, կաջակցի լոգիստիկ հարցերում՝ բեռնաթափելով ծանրաբեռնվածությունը։ Հիմնադրամը թանգարաններին կարող է աջակցել կապիտալ բնույթի աշխատանքներ իրականացնելու ժամանակ, տարբեր միջոցառումներ իրականացնելիս»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը։

Հիմնադրամի կարևոր գործառույթներից է լինելու նաև մշակութային ժառանգության հանրահռչակումը։ Նպատակ կա մեկտեղելու բոլոր հնարավոր ռեսուրսները, մարքեթինգային հնարավորությունները։ 

«Երբ մենք գույքագրում էինք ոլորտում առկա խդիրները, տեսանք, որ առաջնահերթություններից է մշակութային ժառանգության հանրահռչակումը։ Մեր մշակութային ժառանգությունը շատ հարուստ է և այն ճիշտ ներկայացնելու արդյունավետ ճանապարհներ են պետք։ Օրինակ, այսօր թանգարաններում չունենք բալանսավորված այցելություններ։ Ունենք Երևանից դուրս արգելոց-թանգարաններ, որտեղ գրանցվում են մեծ թվով այցելություններ, կա Երևանի սրտում գտնվող թանգարան, որտեղ քիչ թվով այցելություն է գրանցվում։ Մենք կարծում ենք, որ բոլոր թանգարաններն էլ կարևոր են և պետք է հանրահռչակման միջոցառումներով կարողանանք այցելություններ ուղղորդել այդ թանգարաններ»,-ասաց Ալֆրեդ Քոչարյանը։ 

Նախարարի տեղակալի խոսքով, շատ կարևոր են մարքեթինգային գործողությունները, մեդիա դաշտի հետ աշխատանքի, սոցիալական ցանցի առաջխաղացման, որակյալ կոնտենտ ստեղծելու հնարավորությունները մեկ տեղում համախմբելը։ Հիմնադրամի միջոցները լինելու են պետական բյուջեից։ 

Ալֆրեդ Քոչարյանը նկատեց, որ ոլորտում ևս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը։ Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։ 

  • Կիսվել: