Ինչո՞ւ Հայաստանի թիմը չի կարողացել վրացական գրանցումով օդանավով մեկնել Կոսովո
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վրացական գրանցումով օդանավով Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա մեկնել չի կարողացել Վրաստանի եւ Կոսովոյի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։ Վրաստանը չի ճանաչում այդ երկրի անկախությունը եւ վրացական գրանցումով օդանավը պետք է ունենար Վրաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական թույլտվություն Կոսովո թռիչք իրականացնելու համար։ Փոխադրող ավիաընկերությունը չի կարողացել ստանալ անհրաժեշտ թույլտվությունը։
Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Այդ պատճառով անհրաժեշտություն է եղել փոխել օդանավը եւ Կոսովո մեկնել Եվրամիությունում գրանցված օդանավով։ Փոփոխության հետեւանքով բարձրացել է ուղեւորության ընդհանուր ծախսը։
Հայաստանի հավաքականը Կոսովոյի թիմի հետ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 6-ին Պրիշտինայում։ Հունիսի 9-ին Հայաստանի թիմը դարձյալ ընկերական խաղում կհյուրընկալվի Չեռնոգորիայի հավաքականին։