«Հավատում եմ, որ «Իրևանի ղազիաթի» գործունեությունը կվերսկսվի Երևանում և Էջմիածնում». Ալլահշուքյուր Փաշազադե
«Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը» (չակերտները-խմբ), որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը։ Ավելի ուշ ադրբեջանական ժողովուրդը «տեղահանվեց», մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նաև հավելել է. «Մենք հավատում ենք, որ «արևմտյան ադրբեջանցիները» կվերադառնան «իրենց նախնիների հողերը» (չակերտները-խմբ)։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ։ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր «Իրևանի ղազիաթը»՝ բարոյական աջակցության համար։ Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ կվերսկսի նաև Երևանում ու Էջմիածնում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում հայտարարվել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին: