ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մրցույթ` Բուլղարիայի բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

Մրցույթ` Բուլղարիայի բուհերում 2024-2025 ուստարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ):

Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
բժշկական տեղեկանք /հավելված/ նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
անձնագրի պատճենը,
3×4 չափի 3 գունավոր լուսանկար,
արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+1):

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

 

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Փաստաթղթերն ընդունվում են՝ սկսած 2024 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 5-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 612 սենյակ, հեռ. +37410-59-96-44; +374 10-59-96-96)։

 

Քննությունները տեղի կունենան 2024 թվականի ապրիլի 8-ից 12-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-59-96-44; +374 10-59-96-46; +374 10-59-96-96):

Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451 – Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

 

  • Կիսվել: