երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ՄԻՊ-ը խիստ դատապարտում է ոստիկանության ծառայողի կողմից 24News-ի լրագրողի նկատմամբ բռնությունը

ՄԻՊ-ը խիստ դատապարտում է ոստիկանության ծառայողի կողմից 24News-ի լրագրողի նկատմամբ բռնությունը

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք:

Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի նման վարքագիծը, լրագրողի նկատմամբ բռնությունը և ընդգծում, որ լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար պատշաճ միջավայր: Պաշտպանը պահանջում է, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննություն իրականացնեն նշված դեպքով:

Նշենք նաև, որ Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը հունիսի 16-ին մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժին՝ Քասախում բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:

Բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին առնչվող հարցերի և լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու դեպքի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից։

  • Կիսվել: