շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինչ 2030-ը պետական ֆինանսավորմամբ 8 բուհ կունենանք. շուտով կանցնենք որոշումների կայացմանը. Անդրեասյան

Մինչ 2030-ը պետական ֆինանսավորմամբ 8 բուհ կունենանք. շուտով կանցնենք որոշումների կայացմանը. Անդրեասյան

Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման հարցը նոր չէ, որ բարձրացվում է: Այս հարցի շուրջ աշխատանքը և դրա շուրջ վերլուծությունն արվում է արդեն մի քանի տարի և առկա են բազմաթիվ զեկույցներ, որոնք թե՛ առանձին վերլուծում են գիտահետազոտական ինստիտուտների առկա վիճակը, թե՛ նաև օրինակ՝ մեր բարձրագույն կրթության խնդիրներին են անդրադառնում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձավ կրթության զարգացման ռազմավարությանը. «Կրթության զարգացման պետական ծրագրով, որը մեր առաջիկա տարիների ռազմավարությունն է, ֆիքսվել են մի քանի հստակ թիրախներ, ֆիքսվել է, որ մենք մինչև 2030 թվականը պետք է ունենանք պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ, այդ բուհերը պետք է ունենան շատ ուժեղ և կայացած գիտահետազոտական բաղադրիչ, ֆիքսվել է, որ առնվազն 4 բուհ պետք է տեղ գտնեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 5 հարյուրյակում և սա մեր անելիքների դաշտը պարզ է դարձնում:

Բոլորովին վերջերս Կառավարության նիստերից մեկում հաստատվեց կրթության ռազմավարության գործողությունների պլանը, որտեղ արդեն բոլոր հետաքրքրված անձինք կարող են բացել ու տեսնել՝ մենք կոնկրետ ինչ քայլեր պիտի իրականացնենք, ինչ ժամկետներով: Թե ինչպես ենք անելու, հիմա քննարկվում է, որովհետև ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են: Վարչապետի որոշմամբ ձևավորված է եղել աշխատանքային խումբ, որը պետք է պատրաստեր վերլուծական տեղեկագիր տարբեր մոդելների և դրանց հնարավորությունների մասով, այնտեղ ներգրավված է եղել նաև ակադեմիայի նախագահը և տարբեր մոդելներ են ներկայացվել:

Առաջիկայում կանցնենք որոշումների կայացման փուլին: Ուոսւմնասիրության հիման վրա բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին կառաջարկենք մեր մոտեցումը, սա լինելու է շատ թափանցիկ, բոլորի համար հասկանալի ու պարզ գործընթաց: Սա լինելու է հստակ ժամկետներվ, թիրախներով և գործիքակազմով գործընթաց: Կարծում եմ մայիսին կունենանք այս գործընթացի հստակ սկիզբը»:

  • Կիսվել: