երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով նախատեսված՝ Վարդենիս քաղաքի կարիքների համար կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններին դրական եզրակացություն տալու և համայնքապետարանի կողմից ընկերությանը վճարման ենթակա գումարի վերաբերյալ փաստաթղթերը համապատասխան բաժին ներկայացնելու համար նշված պաշտոնատար անձինք 2024 թվականի նոյեմբերի 4-ին կաշառք են ստացել տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու տեխնիկական հսկիչից:

Կաշառք ստանալու համար համայնքապետարանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հիշյալ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար  ընկերության տնօրենին ու տեխնիկական հսկիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

  • Կիսվել: