ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան

Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան

Կիրանցիների, սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ, և խնդրելու եմ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, և մենք այս ճանապարհը միասին կանցնենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 3-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման շրջանակում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կարծիք հայտնելով, թե կիրանցիների հույզերի վրա ազդում են կեղծ լուրերը, թե իբրև թուրքը հայկական բարձունքներ է գրավում, գյուղերը տրվում են:

Հակոբ Արշակյանը ներկայացրեց նաև կիրանցիների և փակված ճանապարհն անցնող քաղաքացիների միջև գրանցված միջադեպը և այս համատեքստում պետության պարտավորությունը:

«Քաղաքացիների մի հատվածը փակել է ճանապարհը (չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ, և  չի կարելի նման բան անել), մյուս հատվածն էլ ուզեցել է անցնել մեքենայով այդ ճանապարհով: Այսինքն՝ նրա իրավունքն այդ մեքենայով ճանապարհ անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում: Այն մարդիկ, որոնք ճանապարհը փակել են, հարձակվել են մեքենայի վրա, կոտրել են: Հիմա պետության դերը ո՞րն է, երբ գալիս եք, մեղադրում եք, թե մեքենան կոտրում են, իրավապահները քայլեր են ձեռնարկում: Բա ի՞նչ պետք է անեն, պետք է թողնեն, որ երկու քաղաքացիները իրար հետ հաշվեհարդա՞ր տեսնեն, պետք է ամեն ինչը օրենքին համապատասխան ձևով կասեցնեն, ոնց որ հրաշալի արել են, և արել են նաև անցած տարի Երևանի կենտրոնում, և ճիշտ են արել: Չի կարելի, անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելիս մեկը մյուսի մեքենաները սկսեն կոտրել»,- ասաց նա և անթույլատրելի համարեց նման պահվածքն արդարացնող որևէ խոսույթ, ինչպես նաև մեքենանր կոտրելը, մարդկանց ահաբեկելը, ստերով ծայրահեղություններ արդարացնելը:

Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի ոչ թե ուղղորդող, որ էլի ծայրահեղություններ լինեն, այլ բալանսավորող, որպեսզի դրանք այլևս տեղի չունենան: Նա նաև հորդորեց սուտ լուրեր տարածելով չազդել կիրանցնիների հույզերի վրա:

«Մենք այս բարդ ճանապարհը պետք է միասին անցնենք: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին սահմանամերձ գյուղերի և խնդրել, որպեսզի մենք փոխվստահությամբ իրար հետ այս ճանապարհն անցնենք: Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում: ՀՀ սուվերեն տարածքից որևէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,- ասաց Հակոբ Արշակյանը:

  • Կիսվել: