ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մի շարք հասարակական, քաղաքական կազմակերպությունների անդամներ Բանակի տոնին ընդառաջ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմներում զոհված հերոսների հիշատակին

Մի շարք հասարակական, քաղաքական կազմակերպությունների անդամներ Բանակի տոնին ընդառաջ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմներում զոհված հերոսների հիշատակին

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի, «Ալյանս» եւ ՍԻՄ կուսակցությունների անդամներն ու համախոհները Հայոց բանակի տոնին ընդառաջ՝ «Հանուն հիշատակի» խորագրի ներքո Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։

Ոգեկոչման միջոցառման ժամանակ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը նկատեց, որ ամեն անգամ Եռաբլուր այցելելիս բազում հարցեր են մտատանջում մարդկանց․ «Ինչու՞ այսպես ստացվեց, ինչու՞ այս ցավը, այս կորուստը կրեցինք, ինչու՞ Արցախի հարցն այս ընթացքը ստացավ»։

Նրա խոսքով հանուն Հայրենիքի հերոսաբար զոհված տղաների պատգամն է՝ լինել ամուր, հառնել ու վեր բարձրացնել Հայրենիքը: «Ուզում եմ հիշատակել Վազգեն վեհափառի խոսքերը, որն ասում էր՝ մենք մի ժողովուրդ ենք՝ հավաքված Արարատի սուրբ լանջերի շուրջ հազարավոր տարիներ ի վեր, եւ մենք միայն այսօրվա հայությանը չենք ներկայացնում, այլ դարավոր համայն հայության ոգին: Եվ այսօր մենք պետք է գիտակցենք, հարգելով մեր զոհերի հիշատակը, պետք է միասին կառուցենք հզոր ու անկախ Հայաստան»:

Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Սերգո Մուրադյանն էլ իր խոսքում վստահեցրեց, որ մենք կրկին ունենալու ենք հզոր բանակ և ետ ենք բերելու Արցախը. «Ոչ ոք թող չընկճվի՝ մեր զինվորը, մեր բանակը չի պարտվել, պարտվել է քաղաքական իշխանությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության: Մեր 18 տարեկան առյուծ տղաները, որոնք հանգչեցին մեր բոլորի համար, մարտնչել են գերհզոր պետությունների դեմ եւ հավատացած եղեք՝ հաղթել են: Ու մենք կրկին հաղթանակած ետ ենք բերելու մեր կորցրածը: Փա՛ռք մեր զոհված նահատակներին, փա՛ռք մեր ընկերներին»:

Հիշատակի հավաքն ավարտվեց դուդուկի հնչյունների ներքո՝ ծաղիկների խոնարհումով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: