Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին
Եվրասիական տնտեսական միությունից որևէ անդամ երկրի հնարավոր է հեռացնել, եթե այն խախտի կառույցում ունեցած պարտավորությունները:
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով կառույցից Հայաստանին հեռացնելու հավանականության վերաբերյալ ԵԱՏՄ անդամ երկրների զեկույցին։
«Մեր ԵԱՏՄ գործընկերներն ասում են, որ թեև ԵԱՏՄ փաստաթղթերով նախատեսված չէ, որ անդամները կարող են հեռացնել մեկ այլ անդամի կամ սառեցնել մասնակցությունը, բայց Վիեննայի փաստաթղթում որևէ այդպիսի բան կա: Այո, այդպիսի բան կա, բայց շատ սպեցիֆիկ հիմնավորմամբ: Այդպիսի բան տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որ գործընկերը, որից մյուսները դժգոհ են և ուզում են հեռացնել կամ սառեցնել, խախտի իր՝ այդ կազմակերպության շրջանակներում ունեցած պարտավորությունները, որ մյուս 4 գործընկերը կարողանան ասել՝ դու մեր կանոնները խախտում ես, հարգելի հինգերորդ բարեկամ, շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Միրզոյանը:
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակներում չի խախտել և չի պատրաստվում խախտել:
«Իրավական առումով, ես հասկանում եմ, որ, գուցե, մեր գործընկերները ջանքեր են գործադրել, որ իրավական հիմնավորում գտնեն, բայց համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա և, գուցե, քաղաքական հանձնարարություն իրավաբաններին, որ քաղաքական հիմնավորում գտնեն: Մենք բարեխղճորեն մեր պարտավորությունները կատարել ենք, հույս ունենք ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ նաև իրենց երկկողմ պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն և չեն խախտի, ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,- նշեց նախարարը:
Արարատ Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանի որոշումների և պահվածքի առանցքում Հայաստանի պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունն է:
«Մենք կփորձենք կառուցողական քննարկումներ ունենալ մեր մյուս գործընկերների հետ»,- ասաց ԱԳՄԱ նախարարը:



