Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը թուրքական իշխանություններից պահանջում է Սիսի կաթողիկոսարանը վերադարձնել պատրիարքարանի սեփականությանը
Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը թուրքական իշխանություններից պահանջում է Սիսի (Կիլիկիա, Թուրքիա) կաթողիկոսարանը վերադարձնել պատրիարքարանի սեփականությանը։
Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հարյուր տարի առաջ ՝ 1921թ. նոյեմբերի 25-ին երջանկահիշատակ Սահակ Բ Կաթողիկոսը թուրք-օսմանական պետության պարտադրանքով հեռացել է Սիսի պատմական ու դարավոր Կաթողիկոսարանց` իր միաբանության հետ միասին։
«Սահակ Բ Կաթողիկոսը, վերջին անգամ համբուրելով Կաթողիկոսարանի Սուրբ Սոֆիայի Մայր Տաճարում գտնվող Ս. Ավետարանն ու Ս. Խորանը` Կաթողիկոսարանի բանալիները հանձնեց իր մեկնմանը սպասող թուրք ոստիկաններին։ Երջանկահիշատակ Վեհափառը ինը տարի շրջեց՝ Երուսաղեմից Հալեպ, Կիպրոս և վերջապես 1930-ին Կաթողիկոսարանը հաստատեց Անթիլիասում (Լիբանան)»,– նշվում է հայտարարության մեջ:
«Հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետի նվիրական կտակին` 2015-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, հայց ներկայացրեցինք Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանը վերադարձնել իր իրավատիրոջը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: Դատը շարունակվում է», – նշվում է հայտարարության մեջ:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաջնորդը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Նստավայրը գտնվում է Բեյրութի մոտ գտնվող Անթիլիաս քաղաքում։ Նվիրապետական չորս աթոռներից մեկն է և գործում աշխարհի մի շարք երկրներում և ունի եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները։ Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայկական թեմերը գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հովանու ներքո։