շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Մեսենջերներում իրականացվում են լուրջ թարմացումներ, որոնց արդյունքում շատ գործընթացներ կփոփոխվեն. Սամվել Մարտիրոսյան

Մեսենջերներում իրականացվում են լուրջ թարմացումներ, որոնց արդյունքում շատ գործընթացներ կփոփոխվեն. Սամվել Մարտիրոսյան

Վերջին շաբաթների ընթացքում հիմնական մեսենջերներում իրականացվում են լուրջ  թարմացումներ, որոնց արդյունքում շատ գործընթացներ կփոփոխվեն։  Հիմա գնանք հերթով։   Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․

Facebook Messenger  

«Ֆեյսբուքի Մեսնեջերում բոլոր օգտատերերի համար օգոստոսից սկսվել է ավելի բարձր մակարդակի գաղտնագրման թարմացումը։ Այս թարմացումը դեռ բոլորին հասանելի չէ, բայց շուտով բոլոր օգտատերերի մոտ կակտիվանա End-to-end (E2E) գաղտնագրումը։ Ի՞նչ է սա նշանակում։ Որպեսզի չմտնենք բարդ տեխնիկական բացատրությունների մեջ, կարճ բացատրությունը հետևյալն է. 

Ա․ Տվյալ գաղտնագրումը ավելի բարդ է «կոտրել» և գաղտնալսել մարդկանց 

Բ․ E2E գաղտնագրումը նաև նշանակում է, որ Ֆեյսբուքի աշխատակիցները ևս չեն կարողանա տեսնել ձեր գրառումները։  

Հիմա հնարավոր է մեսենջերում միացնել E2E չատը, բայց դուք դա պետք է անեք յուրաքանչյուր զրուցակցի հետ առանձին, Ձեր հաշվի կարգավորումներից՝ միացնելով գաղտնի չատը։ Այս մասին օգտատերերի մեծ մասը տեղյակ չէ։ Նոր փոփոխությունների արդյունքում բոլոր օգտատերերի չատերը կդառնան գաղտնագրված։  

Telegram 

Տելեգրամը՝ որպես առանձին աշխատող բոտ, սկսում է ինտեգրել կրիպտոարժույթի դրամապանակը։ Մինչև վերջերս, նման դրամապանակ կարող էր ինտեգրել օգտատերը՝ միանալով Wallet բոտին։  

Մոտակա օրերին դրամապանակը կներառվի կարգավորումներում որպես գործիք և կակտիվանա բոլոր օգտատերերի համար։ Արդյունքում հնարավոր կլինի հենց Տելեգրամում նամակի տեսքով իրար կրիպտոգումարներ ուղարկել։ Այս փոփոխությունը էականորեն կնպաստի կրիպտոարժույթի կիրառման հանրայնացմանը։  

Whatsapp 

Վոթսափում միացնում են ալիքներ։ Այս երևույթը վաղուց գործում էր Վայբերում, սակայն մասսայականություն չունեցավ։ Այն ակտիվ ներկայացված է նաև Տելեգրամում։ Հայաստանում Վոթսափն այս գործիքը դեռ չի ակտիվացրել, սակայն մոտակա շաբաթների ընթացքում այն կդառնա հասանելի։  

Ինչո՞վ է սա տարբերվում Տելեգրամից, ինչու՞ արժե սրա մասին հատուկ նշել։ Տելեգրամն ունի մոտ 800 միլիոն օգատեր, իսկ Վոթսափի լսարանը շուտով կհատի երեք միլիարդը։  

Տելեգրամյան ալիքները տարածված են սահմանափակ երկներում, օրինակ, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրանում, Հայաստանում և մի շարք այլ երկներում։ Իսկ Վոթսափը հավասարաչափ տարածվածություն ունի գրեթե ողջ աշխարհում, ինչի արդյունքում էլ ալիքների զարգացումը շատ ավելի լայնածավալ է դառնում։   

Բացի դրանից, Վոթսափը պատկանում է Մետային, ինչը նշանակում է հեշտ ինտեգրում Ֆեյսբուքում և Ինստագրամում, և նոր հնարավորություններ, որոնք այդքան էլ հասանելի չեն մրցակիցներին։ Մեդիադաշտը նույնպես պետք է հետևի այս փոփոխությանը և գնա դեպի տվյալ գործիքի կիրառումը։  

Ինչպես տեսնում եք, սրանք փոփոխություններ են, որոնք կարող են կտրուկ վերաձևել ինչպես մեսենջերների ոլորտը, այնպես էլ ազդեցություն ունենալ մեդիատիրույթի, ֆինանսական ոլորտի վրա և այլն»։ 

  • Կիսվել: