Մեր պետությունն այլևս հետնապահի դիրքում չէ. Արուսյակ Ջուլհակյանի ոգևորված ելույթը ԱԺ-ում
«Պետք է փաստենք, որ դեռևս 2 տարի առաջ մեզ չէինք կարող թույլ տալ այսպիսի պահի մասին անգամ երազել, բայց 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո մեր երազանքի հորիզոնները զգալիորեն ընդլայնվել են»,- այս մասին այսօր խորհրդարանում «Տիեզերական գործունեության մասին» օրինագծերի փաթեթի և կից օրենքների քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Նրա խոսքով՝ պետոություն արդեն այլ նպատակներ է դնում իր առաջ, քանի որ այս օրինագիծը հստակ ուղենիշն է, թե դեպի ուր է շարվում Հայաստանը հեղափոխությունից հետո։ «Ուր ենք մենք գնում, ինչ երազանքներ, նպատակներ ունենք: Այս նախագիծը հենց մեր երազանքի Հայաստանի մասին է: Հենց այսպիսի օրինագծերն են ցույց տալիս, որ մեր հավակնությունները մեծ են,մեր հանրությունը և մեր երկիրը այլևս խեղճ չէ, իրեն այլևս չի տեսնում ետնապահի դիրքում, այլ տեսնում է առաջատարի դիրքում»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը:
Նա նշեց, որ այս գործունեության մեջ ներգրավված երկրների ցուցակում են տասնյակից ոչ ավելի երկրներ, և Հայաստանը շուտով կլինի նրանց շարքերում և ապագայում կհայտնվի առաջատար դիրքերում։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց. «Ես չեմ բացառում, որ մի օր էլ բերելու ենք Անտարկտիդայի օբյեկտների օգտագործման հետ կապված նախագծեր: Միակ մայրցամաքն է, որ ոչ մեկինը չէ»: