Մեր հույսը դուք եք, դուք էլ մեզ վրա կարող եք հույս դնել. վարչապետը՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելեց «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոց։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը ծանոթացավ հիվանդանոցի պայմաններին, շփվեց բժիշկների հետ։
Բժիշկներից մեկը վարչապետին հայտնեց, որ վերջին օրերին ընդունում են ավելի ծանր հիվանդների։ Հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը վարչապետին ներկայացրեց հիվանդանոցի զննման սենյակները, նմուշառումների սենյակը և այլն:
Նախարարն ու վարչապետն այցելեցին նաեւ հիվանդանոցին կից մի քանի օրում կառուցված մոդուլային հիվանդասենյակները։ Բժիշկներից մեկն ասաց. «Մոդուլ գալիս են այն անձինք, որոնք մոտ կորոնավիրուս հաստատված չէ, սակայն եկել են թեստավորվելու»։
Վարչապետը, դիմելով բժիշկներին, ասաց. «Հույս ունեմ՝ դիմանում եք։ Մեր հույսը դուք եք, դուք էլ մեզ վրա կարող եք հույս դնել» ։
Վարչապետը հանդիպեց նաեւ պացիենտների հետ, զրուցեց, առողջություն մաղթեց, իսկ բժիշկներին հարցրեց, թե քանի հետազոտություն են արել այսօր: Պարզվեց՝ 20 հետազոտություն:
Վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հայտնեց, որ բաժանմունքում միայն 2 ազատ մահճակալ ունեն: «Հիմնականում 60 տարեկանից բարձրերն են ու խրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Հիվանդության ծանրացմանը նպաստում է նաեւ նյարդային լարումները։ Մեկ պացիենտ նոր ենք ընդունել, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս»,-ասաց նա:
Բժիշկները վարչապետին ներկայացրին բաժանմունքի ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների առողջական վիճակը։
Փաշինյանը նշեց, որ աշխատեցին հիվանդներին ցույց չտալ, սակայն տեսարանն իրոք ճնշող էր:


