կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մաշտոցի և Արաբկիրի անձնագրային ծառայություններում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման կարգ

Մաշտոցի և Արաբկիրի անձնագրային ծառայություններում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման կարգ

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Մաշտոցի /Շինարարների 10/2/ և Արաբկիրի /Մամիկոնյանց 1/ անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը հուլիսի 3-ից իրականացվելու է էլեկտրոնային հերթագրմամբ: Առցանց հերթագրման հարթակը https://migration.e-gov.am/ -ն է: Հարթակն այսօրվանից հնարավորություն է տալիս հերթագրվել: 

Էլեկտրոնային հերթագրում է գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում /Ահարոնյան 3/: Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները. անձնագրավորում, նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում, հաշվառում, հանրային ծառայությունների համարանիշի ձեռբերում, տեղեկանքների տրամադրում և այլն: Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայություն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։ Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։ 2022 թ-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։ Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ 

  • Կիսվել: