Մարությանն անդրադարձավ իր կնոջ՝ քաղաքապետարանի կադրային հարցերին խառնվելու մասին լուրերին
Երևանի ավագանու նիստում այսօր հարցուպատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի դիտարկմանը, որ ՛՛Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն՛՛ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը հայտարարել է, որ քաղաքապետի կինն իրեն առաջարկել է աշխատանքից հեռանալու դիմում գրել, ասաց, որ ինքը բամբասանքների չի անդրադառնում:
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե իր կինը խառնվում է քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը: Այս առնչութամբ Մարությյանը նշեց. «Մենք ունենք շատ մեծ ծրագիր, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել Երևան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն՝ ինքը միշտ, նաև իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաև իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում»:
Նա նաեւ վստահեցրեց, որ չկա մարդ Հայաստանում և Սփյուռքում, որ կարող է խառնվել քաղաքապետարանի կադրային քաղաքականության մեջ: Այդ քաղաքականությունը տանում է ինքը:


