ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Փորձում են վրեժխնդիր լինել Ավետիքից՝ ընտրախախտումների բացահայտմանը մասնակցության համար. Ադամյան

Փորձում են վրեժխնդիր լինել Ավետիքից՝ ընտրախախտումների բացահայտմանը մասնակցության համար. Ադամյան

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2022 թվականի հունիսի 24-ին ես Facebook–ում գրառում էի արել, գրելով՝ «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին»։ Փաստորեն չորս տարի հետո նույն օրը իրեն ձերբակալել են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։

«Իրեն տվել են երկու ամսվա կալանք՝ առանց տեսակցության հնարավորության։ Ինձ թվում է՝ հատուկ են անում, որպեսզի պատժեն, որպեսզի նման միջոցով վրեժ լուծեն Ավետիքից իր ակտիվ խոսքի համար,այս ամբողջ ընթացքում ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման և ընտրողների իրավունքների պաշտպանության համար։

Ինձ թվում է այս պահի դրությամբ կալանավայրերում ավելի շատ անմեղ մարդ կա, քան մեղավոր։ Մեր քաղբանտարկյալները, ոչ միայն Ավետիքը, հայտնվում են կալանավայրերում, հետո եթե տեսնում եք՝ ինչ է կատարվում, մի տարի հետո հանկարծ արդեն ազատություն են թողնում, հետո նույնիսկ արդարացվու են, որովհետև քրեական գործ, չկա որևէ իրավական պատճառ, որով Ավետիքը պետք է լինի այսօր դատապարտված։

Այս ամենը նրա համար է, որպեսզի ակտիվ քաղաքական գործիչներին, ազնիվ և քաջ քաղաքական գործիչներին, ինչքան հնարավոր է իզոլացված պահեն այսպիսի կարևոր պահերին»,–ասաց նա։

Չալաբյանի կինը համոզմունք հայտնեց, որ երբ գործը հասնի արդեն բուն դատաքննության փուլին, պարզ կդառնա, որ այդտեղ ընդհանրապես ոչ մի փաստացի տվյալ չկա, գործը կքանդվի։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները։

Այսօր ՍԴ–ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։

  • Կիսվել: