կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԻՊ-ի ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության համագործակցության նոր ձևաչափ

ՄԻՊ-ի ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության համագործակցության նոր ձևաչափ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին և ավագանու անդամ Անի Խաչատրյանին, ովքեր ավելի վաղ հանդիպել էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Անմիջականորեն ժողովրդի քվեով ընտրված և քաղաքացիների հետ մշտական կապի մեջ գտնվող ավագանու անդամների հետ համագործակցության նման ձևաչափը կբարձրացնի խնդիրների լուծման արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված և Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող համակարգային խնդիրները և դրանց վերհանմանն ու լուծմանն ուղղված համատեղ գործունեության ուղղությունները:

Մասնավորապես, քննարկվել են hասարակական կարգի պահպանության բնագավառում համակեցության կանոնների սահմանման և պահպանման խնդիրներ, ինքնակամ շինարարության շուրջ ծագած վարչարարության, Երևան քաղաքում վթարային շենքերի վերաբնակեցման գործընթացի կապակցությամբ ծագած խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարության թույլտվությունների տրման կամ մերժման խնդիրներ և այլն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ակտիվ համագործակցություն, ինչի միջոցով էլ ավելի կբարձրանա մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Երևանի քաղաքապետարանի իրավասության ոլորտում գտնվող հարցերի լուծման ուղղությամբ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի և ավագանու հետ։

  • Կիսվել: