երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մալաթիայի թաղապետը՝ ընդդեմ բնակիչների. ոստիկաններ ու տեխնիկա՝ դեպքի վայրում (տեսանյութ)

Մալաթիայի թաղապետը՝ ընդդեմ բնակիչների. ոստիկաններ ու տեխնիկա՝ դեպքի վայրում (տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանն իր համայնքի բնակիչների դեմ պայքարի է դուրս եկել: 30-ամյա երիտասարդն անձնական քմահաճույքներով ապրիլի 5-ից իր առջեւ խնդիր է դրել` քանդել Անդրանիկի 92 հասցեում գտնվող մի քանի քմ կիսակառույց շենքը. քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արթուր Մովսիսյանին Կարապետյանն ուղարկել է քանդելու կիսակառույց շենքը՝ առանց քանդման վերաբերյալ որոշման առկայության:

Կիսակառույցի սեփականատեր Համլետ Խալաթյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այսօր առավոտյան 12.00-ից վարչական շրջանի աշխատողները պարալիզացրել են տվյալ հատվածի երթեւեկությունը՝ հրավիրելով ոստիկանության մեծաթիվ աշխատակիցների:

Կիսակառույցի սեփականատեր Համլետ Խալաթյանը ArmLur.am-ին պատմեց, որ վարչական շրջանի ներկայացուցիչները երեկ եւս եղել են Անդրանիկի 92 հասցեում եւ փորձել են տրակտորի գործադրմամբ քանդել կիսակառույցը՝ առանց համապատասխան քանդման վերաբերյալ որոշման առկայության: Ի դեպ, նշենք նաեւ, որ քաղաքացին այս տարվա մարտի 30-ին դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան եւ սպասում է դրա օրինականացման գործընթացին, թե երբ է Երեւանի քաղաքապետը որոշում կայացնելու մերժելու կամ բավարարելու մասին, դժվար է ասել:

Քաղաքացու ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանեցին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: ՄԻՊ աշխատակիցները եւս փաստեցին, որ քանդման թույլտվություն չունի վարչական շրջանի ներկայացուցիչը, սակայն
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանն անձնական ամբիցիաներից ելնելով՝ համառորեն հակառակ ՄԻՊ-ի արձանագրած փաստին, որ իրավունք չունի քանդելու տվյալ շինությունը, պնդում էր քանդել շինությունը և վերջ։ Այդ ողջ ընթացքում ներկայացուցիչը կապ էր հաստատում վարչական շրջանի ղղեկավարի հետ, որը հորդորում էր գործը մինչեւ վերջ տանել՝ քանդել կիսակառույցը: Նույնիսկ երկու քար պոկելն էլ կգոհացներ թաղապետին: Բայց չէր հաջողվում եւ գործին միջամտեց նաեւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Հովհաննիսյանը. նա թեեւ շինհրապարակին մոտ չեկավ, բայց շենքերի բակերից մեկում հանդիպեց եւ իր գործընկերոջ՝ Արթուր Մովսիսյանի հետ քննարկեց հարցը, ապա փախուստի դիմեց:

Այնուամենայնիվ, օրվա ավարտին Մալաթիա-Սեվբաստիա վարչական շրջանի ներկայացուցիչները դադարեցրին իրենց ապօրինի գործողությունները ժամը 16.40-ի դրությամբ:

ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գնաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք, սակայն ղեկավար Դավիթ Կարապետյանին չհաջողվեց գտնել: Հավանաբար թաքնվել էր: Ու այդպես էլ չհասկացանք՝ ինչու էր Կարապետյանն ամեն գնով խնդիր դրել իր առջև քանդել քաղաքացու կառույցը՝ օրինական հիմքեր դրա համար չունենալով։
Նկատենք, որ թաղապետի պահվածքը իրավաբանորեն շատ նման է ինքնիրավչության:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

 

  • Կիսվել: