ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների երեխաներին

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների երեխաներին

ՀՀ ԿԳՍՄ-ն տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին.

Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով:
Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև:

Նշենք, որ «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի համաշխարհային ծրագիրը կհատկացնի շուրջ 233 մլն դրամ՝ որպես միանվագ աջակցություն՝ համավարակի պայմաններում ծրագիրը Երևանում և բոլոր մարզերում արդյունավետ իրականացնելու նպատակով: Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ: Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար շահառուները կնույնականացվեն, ամբողջական ցուցակը կփոխանցվի Պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին: Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստի վճարումը:

 

Հավելենք, որ համաձայն ՀՀ կառավարության և ՊՀԾ–ի միջև գործող պայմանավորվածության, 2020թ.-ի հունիսի դրությամբ ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ:

Հայաստանում ծրագրի դոնորը Ռուսաստանի Դաշնությունն է:

  • Կիսվել: