կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լուռ ներկայություն, սպասման, կարոտի պատմություններ. Արմավիր քաղաքում բացվեց Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված ֆոտոցուցահանդես

Լուռ ներկայություն, սպասման, կարոտի պատմություններ. Արմավիր քաղաքում բացվեց Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված ֆոտոցուցահանդես

Լուռ ներկայություն, սպասման ու կարոտի պատմություններ. բացվեց  Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված ֆոտոցուցահանդես, որը նախաձեռնել են Հայաստանի Արմավիր քաղաքում բնակվող ընտանիքները, որոնք իրենց սիրելիների բացակայության դժվարություններին են բախվում՝ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած հակամարտության սրացումից ի վեր:

 

«Պատերազմի առաջին օրը՝ ժամը 7:15-ին սկիզբ դրվեց մեր սպասմանը: Գրկեց մեր աղջկան, մի քանի աստիճան իջնելով, խոստացավ՝ ինչ էլ լինի՝ վերադառնալու է: Ասաց, որ բոլոր աղոթքներն ու սպասումներն արդարացվում են, եթե ի սրտե հավատում ես: Հավատում եմ, որ նույն աստիճաններով բարձրանալու է դեպի տուն, որ փակենք դեպի անհայտություն ու սպասում տանող բոլոր դռները»,-ասում է անհայտ կորածներից մեկի ընտանիքի անդամը:  Սա մեկն է այն հարյուրավոր ընտանիքների պատմություններից, որոնք դեռևս սպասում են իրենց հարազատների վերադարձին, այս մեկ պատմության հետևում կանգնած են շատ-շատերը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ  2022 թվականի ավարտին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանի կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ համագործակցությամբ, նախաձեռնել է «Սատարում» ծրագիրը՝ աջակցություն ցուցաբերելու հակամարտության 2020թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին: Այս ծրագրի   միջոցով ընտանիքները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, տնտեսական աջակցությունից օգտվելու հնարավորություններ, իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկում, առկա ծառայություններին հասանելիություն, ինչպես նաև՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների շահերը պաշտպանելու հնարավորություն:

«Այս ցուցահանդեսը կազմակերպվել է Անհայտ կորածների միջազգային օրը հիշատակելու նպատակով, որն ամեն տարի նշվում է ողջ աշխարհում՝ օգոստոսի 30-ին։ Սիրելիի ճակատագրի և գտնվելու վայրի հետ կապված անորոշությունը երկարատև տառապանքի աղբյուր է:

 

Ցուցահանդեսը Հայաստանի Արմավիր քաղաքում բնակվող ընտանիքների մտահղացումն է, որոնք իրենց սիրելիների բացակայության դժվարություններին են բախվում՝ հակամարտության 2020 թվականի աշնանը տեղի ունեցած սրացումից ի վեր։ Նրանցից շատերի համար վերջին երեք տարիները՝ ինչպես անհետացման լուրը ստանալու օրը, լի է նույն տառապանքով և պայքարով»,- ասաց Զառա Ամատունին:

 Ճանաչված լուսանկարիչ Արեգ Բալայանի լուսանկարների միջոցով ընտանիքները փոխանցել են սպասման ծանր բեռին դիմակայելու իրենց ամենաանձնական մոտեցումը։ Յուրաքանչյուր առարկա և վայր հարազատների համար ունի հատուկ նշանակություն, որի միջոցով նրանք փոխանցում են իրենց անցած ճանապարհի դժվարությունները:

«Ծանոթացումը նրանց պատմություններին և պայքարին մխիթարում և վստահություն է տալիս, որ նրանք իրենց վշտը միայնակ չեն կրում»,- ընդգծեց Ամատունին:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, ողջունելով անհայտ կորածների ընտանիքներին, ընդգծեց, որ սա մի քայլ է, որը մեծ խիզախություն է պահանջում:

Նա նշեց, որ տուժած ընտանիքներն ու համայնքներն ապրում են իրենց սիրելիների ճակատագրի և գտնվելու վայրի հետ կապված անորոշության մեջ: Այս անհետացումները խորը ազդեցություն են ունենում այս ընտանիքների վրա՝ տանելով իրենց մարտահրավերների հորձանուտ: Գտնվելով անսահման հույսի և անզիջում հուսահատության միջև՝ այս ընտանիքները  փակվում են իրենց վշտի մեջ՝ զուգահեռաբար բախվելով օրեցօր աճող  դժվարությունների:

«Անձի անհետացումից հետո ընտանիքի համար հրամայական է դառնում ճշմարտության պարզաբանումը: Այն մարդասիրական կարևոր առաքելություն է, որը միահյուսված է պետությունների միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն: Ժամանակն անզոր է ամոքել սպասման տևական ցավը և միայն  պատասխաններն են թեթևացնում ցավը»,-ընդգծեց նա:

Մերի Սուքիասյանը, խոսելով անհայտ կորած հոր՝ Մարատ Սուքիասյանի մասին, ասաց, որ հորը նվիրված լուսանկարում՝ աթոռին դրված հագուստ այն հագուստն է, որը հայրը վերջին անգամ հագել է պատերազմի օրը, նշելով, որ հոր և շատ-շատերի երազանքն անավարտ մնաց 2020 թվականի պատերազմի հետևանքով:

  • Կիսվել: