Լոռիում Opel-ը մոտ 30 մետր սահելով հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 GN 951 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մետր սահել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու 4 ուղեւորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, այնուհետ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները վիրավորներին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, ովքեր մինչև վիրավորներին հիվ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: