երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Լենա Նանուշյանը Չինաստանում մասնակցել է «Ավանդական բժշկության համաժողով 2023»-ին

Լենա Նանուշյանը Չինաստանում մասնակցել է «Ավանդական բժշկության համաժողով 2023»-ին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՉԺՀ Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքի Նոր Գանցզյան շրջանում մասնակցել է Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) «Ավանդական բժշկության համաժողով 2023»-ին, որի առանցքն է եղել անդամ երկրներում համագործակցության ընդլայնումը:

«Առողջապահության ոլորտը հայ-չինական երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է: Ուստի կարևորում ենք այս հարթակի օգտագործումը ինչպես Չինաստանի, այնպես էլ Շանհայան համագործակցության կազմակերպության այլ երկրների հետ համագործակցությունը զարգացնելու ու խորացնելու նպատակով»,-նշել է Լենա Նանուշյանը։

Համաժողովի շրջանակում նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՇՀԿ անդամ պետությունների պատվիրակների հետ:

ՉԺՀ չինական ավանդական բժշկության ազգային ադմինիստրացիայի ղեկավար պրոֆեսոր Յու Յանհոնգի հետ հանդիպմանը Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն բժշկական կենտրոն ստեղծելու հնարավորությունը։

Նախարարի տեղակալն այցելել է նաև ՉԺՀ Նանչան քաղաքի Կլինիկական ուսումնական և ցուցադրական ազգային կենտրոն, որտեղ ներկայացվել են բժշկական գործնական հմտությունների զարգացման հնարավորությունները:

 

  • Կիսվել: