Կրթական հետազոտութունների եվրոպական համաժողովը այս տարի անցկացվեց Հայաստանում
Երևանում օգոստոսի 22-25-ն անցկացվել է ECER (European Conference on Educational Research) 2022 համաժողովը, որին մասնակցում են կրթության ոլորտի շուրջ 1000 հետազոտողներ, գիտնականներ 70 երկրներից։
Լինելով Հայաստանում գործող կրթական հետազոտություններով մասնագիտացած կենտրոն՝ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ակտիվորեն ներգրավված էր համաժողովին։ Դեռևս անցյալ տարի կենտրոնը նախաձեռնել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեղական հետազոտողներին համաժողովի համակարգող, ԵՊՀ դոցենտ Աննա Ալեքսանյանը ներկայացրել է համաժողովի նպատակը, մասնակցության ձևաչափերը և ընթացակարգերը։ Այնուհետև կենտրոնը կրթաթոշակներ տրամադրեց հայաստանյան հետազոտողների համաժողովի մասնակցության համար։
Իսկ արդեն համաժողովին Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ունեցել է երկու զեկույց՝ համավարակի ընթացքում կրթության իրավունքի իրացման և եզդի երեխաների կրթության իրավունքների վերաբերյալ։ Համավարակի ընթացքում կրթության իրավունքի վերաբերյալ զեկույցի ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել զեկուցող Արման Մելքոնյանին՝ ընդգծելով թեմայի արդիականությունը, քանի որ դեռևս կրթության վրա համավարակի ազդեցության նոր ուսումնասիրությունների կարիք կա։ Մարինա Գալստյանը ներկայացրել է եզդի երեխաների կրթության իրավունքի իրացման վերաբերյալ զեկույցը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ իրականացված հետազոտության արդյունքներին։ Մասնակիցները ընդգծել են, որ էթնիկ փոքրամասնությունների շրջանում կրթական խնդիրների մասնագիտական ուսումնասիրությունը օրակարգային է նաև իրենց երկրներում՝ Գերմանիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և այլն։
ECER 2022 համաժողովի շրջանակներում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագիտական թիմը կազմակերպել էր նաև պանելային քննարկում «Կրթությունից դուրս մնացած երեխաների շուրջ առկա դիսկուրսը Հայաստանում» խորագրով, որը վարում էին կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը, հետազոտող Գայանե Հովակիմյանը և վերլուծաբան Արման Մելքոնյանը։
Պանելային քննարկում վարողները անդրադարձ են կատարել իրավական կարգավորումներին, կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնասիրման մեթոդաբանական և էթիկական խնդիրներին։ Մարինա Գալստյանը նշել է․ «Կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ ուսումնասիրություններում գերիշխում է քանակական բնութագրիչների չափումը, սակայն մեր կենտրոնը, մշտապես կարևորելով այս թեման իր տասնմյա գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք որակական հետազոտություններ՝ հետևելով էթիկական հիմնարար սկզբունքներին»։
Պանելային քննարկման մասնակիցները նաև անդրադարձել են և կիսվել իրենց երկրների փորձով, նշելով, որ Մեծ Բրիտանիայում, Հունաստանում և այլ երկրներում այս խնդիրը նույնպես արդիական է և մշտապես գտնվում է կրթության ոլորտի հետազոտողների և որոշում կայացնողների ուշադրության կենտրոնում։
«Այս տարի լրանում է մեր գործունեության 10 տարին, ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք նման նշանակալի կրթական միջոցառման շրջանակներում ակտիվ մասնակցություն ունենալ և կիսվել մեր տասնամյա գործունեության ընթացքում կուտակված փորձով և գիտելիքներով»,-նշել է Մարինա Գալստյանը։