Կոչ եմ անում համակերպվել աղմուկի հետ. Անդրեասյանը` 7-րդ դասարանի պատմության դասագրքի մասին
Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7–րդ դասարանի պատմության դասագրքում խեղաթյուրվել են պատմական իրողություններ, և հեղինակը հաճախ իր դիտարկումները ներկայացնում է որպես պատմական իրողություններ։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Հանրակրթական նոր չափորոշիչով ստեղծված այդ դասագրքից ծնողների, մանկավարժական և մասնագիտական շրջանակների բողոքները շատ են։ Դասագրքում քիչ չեն նաև քերականական սխալները»,– ընդգծեց պատգամավորը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ի պատասխան բավականին կոշտ արձագանքեց` նշելով, որ կրթական բարեփոխումների հենց սկզբից չի դադարում աղմուկը, ու այն ավելի շատ թիրախավորված ու նպատակաուղղված արշավ է։
«Այո, դասագրքում կան արժեբանական փոփոխություններ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր դպրոցում ամենամեծ արժեքը և առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի կրթությունը դա պետությունն է։ Պատմություն առարկայի դասավանդման հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորվումն է»,- հայտարարեց նախարարը։
Անդրեասյանը կոչ արեց բոլորին` համակերպվելու այդ աղմուկի հետ և ևս մեկ անգամ ընդգծեց, որ պատմության դասագրքում ներառված ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու, քանի որ դրանք են կրթական բարեփոխումների առանցքը։


