երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը

2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից մեր երկրին տրամադրել 60 մլն 90 հզր եվրոյի չափով վարկ: Վարկի ժամկետը 27 տարի է, մարման ժամկետը՝ 17: Նախատեսված է 10 տարի արտոնյալ ժամկետ: Վարկի տոկոսագումարը 6-ամսյա EURIBOR է՝ լողացող + 0.8 տոկոս մարժայով, պարտավորության վճարը՝ տարեկան 0.15 տոկոս դրույքաչափ:

ԱԺ հերթական նիստում համաձայնագրի վավերացման հարցը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջաններ: Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Նախատեսվում են հետիոտնային գետնանցումներ՝ շարժունակության խանգարում ունեցող անձանց համար համընդհանուր հասանելիությամբ, ճանապարհային անվտանգության ենթակառուցվածքներ, հարակից ջրահեռացման համակարգեր, դիմակայության շեշտադրումով կանաչապատում, նաև՝ Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգում:

Միջանկյալ երկրորդ արդյունքի շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի ճանապարհահատվածի, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի այլընտրանքային ճանապարհի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները, որոնք կֆինանսավորվեն ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությամբ՝ շուրջ 700,000 ԱՄՆ դոլարի չափով:

  • Կիսվել: