Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «KamAZ»-ն ու «Chevrolet Cruze»-ը․ կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Զորական-Հաղթանակ M16 ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում, բախվել են «KamAZ» և «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «KamAZ»-ի վարորդը, ով ահազանգել է շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Վիկտոր Իսրայելյանն ու Կարեն Յարալյանը սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Մամիկոն Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։