երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 30-ամյա Կարեն Ե.-ի վարած «Opel» մակնիշի և 65-ամյա Սամսոն Ղ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը կողաշրջվել է, իսկ վերջինի ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 72-ամյա Արուս Հ.-ն, 65-ամյա Անաիդա Չ.-ն, 57-ամյա Վեներա Մ.-ն և «Opel»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Յազմեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հրաչյա Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: