երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Խնդրում եմ՝ հանդես գալ որպես որդուս երաշխավոր». Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին

«Խնդրում եմ՝ հանդես գալ որպես որդուս երաշխավոր». Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով անցնող 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին, խնդրել տալ երաշխավորություն։ Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, ով նաև հրապարակել է դիմումի տեքստը և Դավիթ Մինասյանի բարձր առաջադիմությունը փաստող փաստաթղթերը։

«Հարգելի տիկին Անդրեասյան, հաշվի առնելով այս երևույթի բացառիկությունը՝ հանդես գալ որպես երաշխավոր՝ որդուս՝ Դավիթ Մ ինասյանի կալանքի որոշումը փոխելու համար, ում ձեր կողմից 2023 թվականին տրվել է հիմնական կրթության գերազանցության վկայական, որը ներկայացնում եմ»,– գրել է Գայանե Մինասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

  • Կիսվել: