ԿԳՄՍ-ն հայտնել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման վերջնաժամկետը և ներկայացրել դիմելու կարգը
ՀՀ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է հունվար-փետրվարին միասնական քննություն հանձնած դիմորդներին, որ նրանք չեն կարողանա բուհ ընդունվել, եթե մինչև մայիսի 10-ը չհայտագրվեն 2-րդ՝ հիմնական փուլին և չընտրեն բուհն ու մասնագիտությունը:
Ի՞նչ է սա նշանակում.
2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ:
Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարականերից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու:
Երկրորդ փուլում, որն ընդունված է անվանել նաև հիմնական փուլ, բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում ՄԻՆՉԵՎ 2024 Թ. ՄԱՅԻՍԻ 10-ը՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը:
Երկրորդ փուլում բուհը և մասնագիտությունը չեն նշում միայն այն դիմորդները, որոնք դիմելու են ուժային կառույցների կրթական հաստատություններ, Հայ-ռուսական համալսարանի ռուսալեզու կրթության բաժին կամ հեռակա ուսուցման նպատակով: