չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին տրամադրվեց շարժական ռենտգեն համակարգ

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին տրամադրվեց շարժական ռենտգեն համակարգ

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին տրամադրվեց շարժական ռենտգեն համակարգ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացրել է «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Լեհական օգնություն» (Polish Aid) ծրագրի շրջանակներում, համագործակցելով ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան հետ։ Կորոնավիրուսային համաճարակով և Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված` ՀՀ բուժհաստատություններում շարժական թվային բժշկական ռենտգեն սարքավորումների սուր անհրաժեշտություն է առաջացել։

«Դա մեզ շատ անհրաժեշտ էր։ Բավականին հարմար է տեղում հիվանդների հետազոտությունը կազմակերպելու համար։ Ունենք նաև շարժական վիրահատարաններ, որոնք անհրաժեշտության դեպքում հոսպիտալից դուրս գործունեություն են ծավալում, թվային բժշկական ռենտգենը նույնպես կարող է օգտագործվել»,- ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Վահան Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը և Հայաստանում Լեհաստանի դեսպանությանը օգնությունը կազմակերպելու համար։

 

Գևորգյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, հոսպիտալը շարունակում է  բժշկական տարբեր սարքավորումներով համալրվել։

«Գործընթացը շարունակական բնույթ է կրում, երբեք չենք կարող մեկ կետի վրա կանգ առնել և ասել՝ վերջ, հագեցված ենք և որևէ բանի կարիք չունենք, որովհետև բժշկական սարքավորումները թարմանում են ու նորանում են, ավելի ժամանակակից սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտություն միշտ էլ կա»,- հավելեց Գևորգյանը։

«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Լիանա Եսայանն ասաց, որ 2020 թվականից սկսած՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալը գտնվում էր իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում, քանի որ հոսպիտալն ընդունում էր ոչ միայն կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների, այլ նաև պատերազմից տուժած քաղաքացիներին։

«Համագործակցելով հոսպիտալի տնօրինության հետ, հասկացանք, որ կա շարժական ռենտգեն համակարգի պահանջարկ։  Այս դեպքում համագործակցելով Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ «Լեհական օգնություն» ծրագրի շրջանակներում նախաձեռնեցինք հոսպիտալին նվիրել այդ համակարգը, որի շնորհիվ այստեղ բուժվող հիվանդները ավելի հեշտ, ճշգրիտ և կարճ ժամանակում կկարողանան ախտորոշվել»,- ասաց Եսայանը, ընդգծելով, որ հոսպիտալը կազմակերպության ուշադրության կենտրոնում է գտնվելու և օգնությունը շարունակական բնույթ է կրելու։
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի խոսքով՝ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին նպաստել է նրան, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրման հարցերում:

«Դրա շնորհիվ Հայաստանում Լեհաստանի դեսպանությանը հաջողվեց աջակցություն ցուցաբերել Երևանում և Գյումրիում»,- ընդգծեց Չեպլակը։

Դեսպանը հայտնեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է մարդասիրական օգնության ևս երեք ծրագիր իրականացնել։ «Լիահույս եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհաջողվի մեզ ստորագրել պայմանագրեր բոլոր երեք ծրագրերի իրականացման համար։ Կարող եմ միայն նշել, որ համագործակցելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների և Արդարադատության նախարարության հետ»,- ավելացրեց Չեպլակը։

  • Կիսվել: