ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կենսաթոշակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն են գրանցել․ մտահոգությունները դեռ պահպանվում են

Կենսաթոշակային ֆոնդերը բացասական եկամտաբերություն են գրանցել․ մտահոգությունները դեռ պահպանվում են

«Ամունդի-Ալբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ 2014 թվականից ի վեր, երբ կենսաթոշակային ֆոնդերը սկսել են կառավարվել, եղել են «շոկեր», սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց հաջորդել են վերականգնման փուլերը: Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընթացիկ տարվա վեց ամսվա եկամտաբերության բացասական միտումը կարճաժամկետ կտրվածքով է։ Այժմ միջազգային շուկայում գրանցված երերումների ֆոնին հերթական ալիքն է գրանցվել:

«Ընթացիկ տարվա վեց ամիսներին կենսաթոշակային ֆոնդերն արձանագրել են եկամտաբերության որոշակի բացասական արդյունք: Մեր դեպքում դա տատանվել է 5-10 տոկոսի սահմաններում: Իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ՝ դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ, գնաճային ճնշումները: Ակտիվների որոշակի մասը՝ շուրջ 30 տոկոսը, ներդրված է արտասահմանում տարբեր երկրներում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով: Երբ այդ կատարված ներդրումները վերածում ենք դրամային արտահայտության՝ համապատասխան փոխարժեքի միջոցով, ապա, կախված կուրսից, երևում է դրամային համարժեքը: Տարեսկզբից ունեցել ենք բավական բարձր փոխարժեք և՛ դրամ-դոլար, և՛ եվրո-դոլար գծով: Կիսամյակի վերջում դրանց մակարդակը իջել է ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողել ֆոնդերի կիսամյակային եկամտաբերության վրա»,-ասաց Հրայր Ասլանյանը:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելլա Ադիլխանյանի խոսքով՝ ֆոնդերն ունեն արտասահմանյան ներդրումներ և դրանք դրամով վերագնահատվելիս բացասական արդյունք են տալիս:

«Բայց դա այս պահի դրությամբ վնաս է: Ֆոնդերը պահում են գործիքները, հնարավորություն կա վերականգնել եկամտաբերությունը: Երկարաժամկետ կտրվածքով կապիտալի շուկաներն ունեն վերականգնման հնարավորություն: Ավելին, նույնիսկ այս բացասական փուլը ներառյալ, 2014 թվականից մինչ այսօր ֆոնդերի եկամտաբերությունը տարեկան եղել է միջինը 7 տոկոս: Եղել են տարիներ, երբ երկնիշ աճ է գրանցվել: Մեր 7 տարվա փորձը, իսկ ամբողջ աշխարհում՝ երկար տարիների փորձը, ցույց  են տալիս, որ ճգնաժամային իրավիճակներից հետո հաջորդում է վերականգնման փուլը, իսկ մենք դեռ բավական ժամանակ ունենք, մինչև առաջին շահառուները կսկսեն կենսաթոշակ ստանալ»,-ասաց Իզաբելլա Ադիլխանյանը:  

Հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսական միտումները դեռ անորոշության մեջ են, հետևաբար, կենսաթոշակային ֆոնդերի հետ կապված մտահոգությունները դեռ պահպանվում են: Հրայր Ասլանյանը նշեց, որ իրենք ամենօրյա, շարունակական աշխատանք են կատարում պորտֆելի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ:

«Գործիքակազմի, մոտեցումների փոփոխությունը շարունակական է ու պայմանավորված չէ այս կամ այն անկմամբ: Եղած իրավիճակի պայմաններում պետք է փորձենք մեր պորտֆելն այնպես կառուցել, որ վնասը լինի նվազագույնը, իսկ շուկաների վերականգնման դեպքում, հնարավորինս օգուտ քաղենք: Մեր անելիքը պորտֆելի դիվերսիֆիկացիան է: Պետք է փորձել տարբեր ռիսկեր ներառել մեր քաղաքականության մեջ, այսինքն՝ ներդրումները բաշխել այնպես, որ նման շարունակական երևույթների, ինչպես նաև՝ նոր երևույթներ ի հայտ գալու ազդեցությունը ֆոնդերի վրա լինի նվազագույնը։ Ընդհանուր առմամբ, շուկաները տատանողական են, և օրինաչափ է, որ արձագանքում են տարբեր աշխարհամասերում տեղի ունեցող «շոկերին»:,-ընդգծեց նա:

 

  • Կիսվել: