ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում. Նիկոլ Փաշինյան

2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում. Նիկոլ Փաշինյան

Նախնական գնահատականներով՝ հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում, մասնավորապես, կառավարության պարտքը  ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է ու չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60,2 տոկոսի փոխարեն։

Հարկային եկամուտները, ըստ ֆինանսների նախարարի, կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23,4 տոկոսը. այս տարվա համար սահմանված  թիրախն է։ Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին ու ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը: Կառավարության այսօրվա նիստում այս տվյալներն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարի գնահատմամբ դեռևս սահմանված թիրախից բարձր է գնաճը, «ինչն առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքների ու ծառայությունների գների զգալի բարձրացմամբ»։

«Չնայած այն հանգամանքին, որ շարունակում են բարձր մնալ արտաքին տնտեսական միջավայի հետ կապված անորոշություններն ու դրա արդյունքում Հայաստանին փոխանցվող ռիսկերը, մեր ընդհանրական գնահատականն այն է, որ այսօրվա դրությամբ՝ առկա են բավարար նախադրյալներ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական արդյունքային ցուցանիշները կառավարության ծրագրի գերակայություններին համահունչ պլանավորելու համար, մասնավորապես, գալիք երեք տարիների տնտեսական աճի թիրախը սահմանված է 7 տոկոս, միջնաժամկետում թիրախին հասնելու նպատակին կնպաստի  առաջիկա երեք տարիների ընթացքում ավելացվող կապիտալ ծախսերի ծավալը, որոնք այս տարվա համար ծրագրված ՀՆԱ-ի 4,5 տոկոսից կբարձրանան ու 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6 տոկոսի սահմաններում», – ասել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե նախատեսում են 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացում: Դրա մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսեն։ Կբարձրանա նվազագույն աշխատավարձի չափը՝ 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ։

  • Կիսվել: