երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Գործող օրենքով ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում` Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա, մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ:

Այս մասին, ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Հարցը քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 2-ի արտահերթ նիստում:

«Ներկայում, Առողջապահության նախարարությունն է իրականացնում կենսաթոշակային առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի վերաբերյալ հաշվարկում, շահառուի կողմից ներկայացված դիմումների ուսումնասիրություն:

Գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր դեպքի համար ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ցանկով ներառված հիվանդությունների եւ քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթ, եւ սահմանված կարգով տրամադրվում է եզրակացություն:

Այս գործընթացն առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն եւ նախարարության` որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթի իրականացում»,- մանրամասնել է Արտակ Ջումայանը: Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թվականին: Այս տարիների ընթացքում արձանագրվել է քաղաքացիների դիմելիության զգալի աճ:

Ըստ հիմնական զեկուցողի` եթե 2017-2018 թվականներին քաղաքացիների դիմելիության ընդհանուր թիվը եղել է 2, ապա 2023 թվականին դիմել է 43 քաղաքացի: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նշված գործառույթը վերապահել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը:

Անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացումը, մասնագիտական հիվանդության հետ կապված անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի որոշումը, այդ թվում` մասնագիտական եզրակացության տրամադրման գործառույթը եւս կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը:

Արտակ Ջումայանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով գործառույթի փոփոխության կարգավորումներին, արդյունավետությանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը  երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Նախագծերի ընդունումը նպատակ ունի խմբագրական փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Ներկայացված նախագծերով օրենքների ձեւակերպումները համապատասխանեցվում են  գործող օրենսդրությանը: Միաժամանակ, զուգահեռներ են տարվում հաշմանդամության խմբերի եւ ֆունկցիոնալության սահմանափակումների միջեւ` հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքներն ապահովելու նպատակով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

  • Կիսվել: