երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքները

ԱԺ-ում քննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքները

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում առաջարկվող լրացումները և փոփոխությունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքների առանձին կարգավորումները, ինչպես նաև կլուծվեն օրենքների կիրառման ժամանակ ծագած խնդիրները: Նախատեսվում է բարեփոխումներ կատարել կենսաթոշակային ոլորտում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կենսաթոշակային ապահովության բնագավառում կնքած համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար Կառավարությանն օրենքով վերապահել անհրաժեշտ իրավական ակտեր սահմանելու լիազորություններ, կատարել հստակեցումներ և խմբագրական բնույթի փոփոխություններ:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը օրենսդրական փաթեթին դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Լիլիթ Ստեփանյանի խոսքերով` օրենքի փոփոխությունները միտված են հստակեցնելու գործող որոշ կարգավորումներ, որոնք կապված են կենսաթոշակի ստացման ժամկետների, փաստաթղթերի ցանկի, ոլորտը համակարգող որոշ օրենքների դրույթների համապատասխանեցման հետ: Գործող կարգավորումներն ուղղակի կամ անուղղակի նպաստել են, որ միևնույն անձը միևնույն հիմքով հանդիսանա տարբեր կառույցների շահառու, կամ միևնույն դեպքում գրանցվեն կրկնակի հետգանձումներ և այլն: Այս և այլ խնդիրները հաշվի առնելով` հարակից զեկուցողը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ապրիլի 12-ի նիստում:

 

  • Կիսվել: