Կասեցումներ «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում. ԱԱՏՄ
Հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները շարունակվում են ՀՀ ողջ տարածքում: Խստացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցման աշխատանքները՝ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
ԱԱՏՄ այսօրվա երկու տասնյակից ավելի կասեցումների ցանկում են նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, անհատ ձեռնարկատերեր:
Նաև 48-ժամյա արգելք է կիրառվել Կապանի «Մերի Մաթևոսյան» ԱՁ-ի նկատմամբ։
ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այս վարչական շրջանում դրանք անցկացվում են արդեն ոչ առաջին անգամ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում:
Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսավարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը: Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների նկատմամբ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ստուգայցերն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում:
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ կրկնակի խախտումների դեպքում կայացվում են առավել երկարատև կասեցման որոշումներ: Իսկ պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։


