հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը նախատեսում է վերանայել պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների հարկման ընթացակարգերը

Կառավարությունը նախատեսում է վերանայել պետական և համայնքային սեփականության հողամասերի և շինությունների հարկման ընթացակարգերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների, այդ թվում՝ ինքնակամ, անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները: Նախատեսվում է սահմանել նաև, որ շինարարության թույլտվության ժամկետն անցնելու կամ երկարաձգելու դեպքում ավարտվածության աստիճանից կախված՝ անշարժ գույքի հարկման բազան նվազեցնող գործակիցները չեն կիրառվում: Շինարարության թույլտվության ժամկետները երկարաձգելու համար նույնպես վճարվում է տեղական տուրք՝ ընդգծված բարձր դրույքաչափերով, որպեսզի կանխվեն շինարարության ժամկետներն անընդհատ երկարաձգելու՝ կառուցապատողների ձգտումները: Նախագծերով նաև առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը:

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, նախագծերի փաթեթի նպատակը մի շարք անավարտ շինություններ ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է: «Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության համար: Երկրորդը՝ գտնում ենք, որ այսօր այդ անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը շինթույլտվության տեղական տուրքի դրույքաչափերի շատ ցածր լինելն է: Օրինակ՝ Երևանում ցանկացած գոտում 5 հազար քկմ շինության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ: Մենք առաջարկում ենք երկու կարգավորումներ այս առնչությամբ: Առաջինն այն է, որ առաջարկում ենք այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիներին: Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տաս անգամ: Այսինքն՝ Երևանի առաջինից չորրորդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար 5 հազար քկմ շինություն կառուցելու դեպքում թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Երևանում այս փոփոխությունները վերաբերվելու են բոլոր տիպի շենքերի և շինությունների կարգավորումներին, ներառյալ՝ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ և անհատական բնակելի տներ: Սահմանամերձ համայնքներում այդ առումով որևէ փոփոխություն չի նախատեսվում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը, որով այլ կարգավորումներ են նախատեսվում շինթույլտվության ժամկետն ավարտվելուց հետո: «Գույքային հարկեր պիտի վճարվեն: Շինթույլտվությունները երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ անեն: Սա առաջին կարգավորումն է: Տեսնենք այն իրավիճակի վրա ինչ ազդեցություն է ունենում: Հետագայում ես չեմ բացառում ավելի խիստ մեթոդների կիրառումը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր կարգավորում է: Ի վեջրո, եթե նույնիսկ այդ կառուցումը տեղի չունենա, գոնե համայնքի բյուջեն պետք է ինչ-որ փոխհատուցում ստանա դրա դիմաց, և գույքային հարկերով պետք է վճարումներ իրականացվեն»,-ասել է վարչապետը:

Այդ համատեքստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացից: Ըստ կոմիտեի ղեկավարի՝ այս պահի դրությամբ արդեն հաշվառվել է շուրջ 18000 ինքնակամ շինություն, որի մեծ մասը համայնքային և պետական հողերի վրա կառուցված ինքնակամ շինություն է: «Եվ մենք դնում ենք կարգավորում, որ այդ շինությունները ևս պետք է սկսեն հարկվել: Այստեղ ուզում եմ մի փաստ նշել՝ դա դեռևս չի նշանակում, որ համայնքը պարտավոր է այդ շինություններն օրինականացնել և հողը վաճառել համապատասխան ինքնակամ կառուցած սուբյեկտներին: Այս օբյեկտները կհարկվեն այնքան ժամանակ մինչև համայնքի ղեկավարը որոշում կկայացնի՝ կամ օտարել այդ հողը կամ ապամոնտաժել օբյեկտը: Կադաստրի կոմիտեն կիսաավարտ շինությունը կամ արդեն ավարտված շինությունը գույքահարկի բազա ներառելու համար պետք է ստանա համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Այս հարցը ևս քննարկման առարկա ենք դարձրել և նախատեսում ենք նախագիծ ներկայացնել, որով համայնքի ղեկավարը, եթե տալիս է քաղաքաշինական փաստաթուղթ որևէ օբյեկտի կամ եթե երկարաձգում է շինթույլտվությունը, ապա այդ տեղեկատվությունն անմիջապես փոխանցի Կադաստրի կոմիտեին: Կարծում ենք՝ շատ արագ տեմպերով այս նախագիծն էլ կներկայացնենք ի լրումն»,-ասել է Սուրեն Թովմասյանը:

Արձագանքելով՝ կառավարության ղեկավարը ընդգծել է նման կարգավորումների անհրաժեշտությունը, քանի որ հանրային շահը չի կարող ստորադասվել մի ինքնակամ շինության նկատմամբ իրավունք ունեցող անհատի շահին. «Եվ մենք այստեղ պետք է կարողանանք գնալ այդ թվում՝ քաղաքական որոշումների և այդ խնդիրները լուծել»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: