Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ կատարվեց «Հրաշափառի» արարողություն։
Մուշեղ սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին»,-ասվում է հաղորդագրությունում: