Իսրայելի կառավարությունը այսօր որոշում կկայացնի Իրանին պատասխան հարված հասցնելու հետ կապված
Իսրայելի կառավարությունը կիրակի որոշում կկայացնի Իրանին պատասխան հարված հասցնելու հետ կապված. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ:
CNN-ի հաղորդմամբ՝ իսրայելցի պաշտոնյան ասել է, որ Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը, բայց այդ պատասխանի շրջանակը դեռ պետք է որոշվի։ Վերջինիս խոսքով՝ Իսրայելը դեռ պետք է որոշի՝ արդյոք ամբողջ ո՞ւժը կկիրառի, թե՞ ավելի չափված բան կանի:
Սպասվում է, որ տարբերակները մանրամասն կքննարկվեն Իսրայելի ռազմական կաբինետի կիրակի կայանալիք հանդիպման ժամանակ, հավելել է պաշտոնյան։
Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը: