ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իրավիճակը շարունակում է մնալ լարված. Թորոսյան

Իրավիճակը շարունակում է մնալ լարված. Թորոսյան

Այս առավոտյան դրությամբ մենք ունենք 32 հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ նրանցից 4-ը տանն են, մնացածն՝ այլ հիվանդանոցներում ու պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ:

Արսեն Թորոսյանը ներկայացնելով այլ տվյալներ՝ նշեց, որ երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի:

«Սա բացարձակ թվով իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքանով մեծ եղել: Երեկ արվել է 2233 թեստ, նախորդ օրը՝ 1751:  Դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է»,- ասաց նա։

Նախարարը ցավով նշեց, որ գրանցվել է 18 մահվան դեպք և ընդհանուր մահերի թիվը հասնում է 245-ի:

«Երեկ ունեցել ենք մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանկյունից, գումարային ունեցել ենք մոտ 500 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի պացիենտներին տեղավորելու համար»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը փոխհատուցվում է հնարավորությունների աճով. «Սա չի նշանակում, որ չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք։ Այսպիսով, կառավարելի իրավիճակը պետք է պահել հնարավորինս երկար ու գնալ դեպի անկման»։

 

  • Կիսվել: