Ինչու է նվազել առողջացածների թիվը. վարչապետի բացատրությունը
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեր առողջապահական համակարգը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է գործում: Այս մասին վարչապետն ասաց այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Նա խոսեց նաեւ այն մասին, թե ինչով է պայմանավորված, որ վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը շատ փոքր է: Այս առնչությամբ վարչապետն ասաց. ՛՛Նախկինում մենք այդ թիվը դուրս էինք բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս ենք բերում միայն ծանր եւ առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացվան վիճակում:
Ես կարող եմ բերել մեր ընտանիքի օրինակը: Փառք Աստծո, մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը, եւ եթե այսպես շարունակվի, մենք կառողջանանաք առանց որեւէ բժշկական միջամտության: Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր դրական ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետեւ մենք որեւէ բուժում չենք ստանում: Իսկ ծանմր եւ ծայրահեղ ծանր հիվանդների բուժումը ավելի երկար է տեւում՛՛:
Փաշինյանն ասաց, որ այն, որ կառավարությունն այսօր որոշում չի կայացրել պարետային ժամ եւ սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղը այդ որոշումը չի կայացնելու:
՛՛Որեւէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումը եւ այդ որոշման կատարման որակը բերելու է որոշակի արդյունքների: Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ եւ մենք ունենանք նույն խնդիրները՛՛,-նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ վիճակը շարունակում է մնալ բավականին ծանր եւ առայժմ դեռ ծանրանում է: ՛՛Բայց ես հավատում եմ, որ մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը՛՛,-հույս հայտնեց Նիկոլ Փաշինյանը:


