երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինչու է առաջարկվել բարձրացնել գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը. Անդրեասյանի պարզաբանումը

Ինչու է առաջարկվել բարձրացնել գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը. Անդրեասյանի պարզաբանումը

Այնպես չէ, որ արդարադատության նախարարությունը հիմա անհանգստացած է կոնկրետ մեկ կամ մի քանի պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելու հանգամանքով։ Նման կարծիք հայտնեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անդրադառնալով հարցին, թե ինչ հիմնավորմամբ է առաջարկվել բարձրացնել գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը։

«Տրամաբանությունը եղել է հետևյալը՝ մենք իրականացնում ենք հակոկոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման ռազմավարության իրագործումը։ Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից, նաև անհանգստացած է և կազմակերպում է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը։

Եվ ի՞նչ է տեղի ունեցել՝ հակոկոռուպցիոն դատարանում և հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազությունում։ Հետևաբար, անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակոկոռուպցիոն տրամաբանությամբ։ Եվ մենք առաջարկեցինք, որ համամասնորեն բարձրանա դատախազներինը»,-ասաց նա:

Անդրեասյանը հավելեց, որ երբ դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էին համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ գլխավոր դատախազութան վարչության պետն ավելի բարձր աշխատավարձ պիտի ստանար, քան գլխավոր դատախազի տեղակալն ու գլխավոր դատախազը. «Այս լուծումը այլ կերպ չէինք տեսնում, քան այն, որ պետք է համակարգում ընդհանուր բոլորի աշխատավարձը բարձր լինի»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Նա հավելեց, որ նաև միջազգային փորձագետների պահանջն է այն, որ հակակոռուպցիոն բլոկի աշխատողների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի։ Նա ասաց, որ տվյալ դեպքում չի քննարկվում բարձրացնել որևէ պաշտոնյայի աշխատավարձը, սա ընդամենը նպատակ է՝ հասկանալու՝ ինչպես անել, որ հակոկոռուպցիոն համակարգը, որն ունի մի քանի անգամ դժվար ռիսկեր ու բարդություններ, բարձր աշխատավարձ ստանա։

  • Կիսվել: