երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ինչ է կատարվել ՊԱԳ-ում․ մինչև ո՞ւր կհասնի քննությունը․ «Հրապարակ»

Ինչ է կատարվել ՊԱԳ-ում․ մինչև ո՞ւր կհասնի քննությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրեր առաջ ՀՀ Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ի հետ միասին, լայնածավալ գործողություններ իրականացրեց առողջապահության նախարարությունում, նախարարությանը ենթակա ՊԱԳ-ում` պետական առողջապահական գործակալությունում, որը պետպատվերի բաշխումն է իրականացնում, եւ Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող «Ուիգմոր» ԲԿ-ում, որտեղ նրա ընկերը` Զավեն Քոլոյանն է տնօրենը: Մեր տեղեկություններով՝ «Ուիգմոր» ԲԿ-ն մեծ պետպատվեր էր ստացել, ինչը դարձել էր քննության առարկա, իսկ վարույթը հարուցվել էր մրցակից կլինիկաների բողոքի հիման վրա: Իրավապահների գործողություններից 6 օր է անցել: ՀՀ Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնում են, որ այս վարույթով նախաքննությունը շարունակվում է, այս պահին քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։ Մենք գրել էինք, որ դեռեւս անցյալ տարվա ընթացքում ինչպես մամուլում, այնպես էլ առողջապահական համակարգի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ հրապարակումներ էին եղել առողջապահության նախարարությունում եւ պետական առողջապահական գործակալությունում՝ ՊԱԳ-ում տիրող կասկածելի մթնոլորտի, պետական միջոցների սխալ բաշխումների, հնարավոր կոռուպցիոն հանցագործությունների մասին։ 

Պետական առողջապահական գործակալության արդեն նախկին ղեկավար, ավելի վաղ «Ուիգմորի» եւ նախարար Ավանեսյանի մորը պատկանող «Արֆարմացիա»՝ դեղ ներկրող խոշոր ընկերության ֆինանսիստ Ահարոն Բարսեղյանին անսպասելիորեն ազատեցին պաշտոնից, ապա տեղեկություններ հայտնվեցին, որ նրա գործողություններն ուսումնասիրում են իրավապահները` պարբերաբար հրավիրում են Քննչական կոմիտե եւ այլն։ 

Ըստ ԲԿ-ներից ստացված տեղեկությունների՝ ՊԱԳ-ի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո Ահարոն Բարսեղյանը «սուրն առել ու ընկել է» բժշկական կենտրոնների հետեւից՝ պետական ֆինանսավորման հարցերում որոշակի խնդիրներ առաջացնելով բժշկական հաստատությունների համար։ 

Առողջապահական համակարգի ներկայացուցիչներից մեկի խոսքերով՝ պետական առողջապահական գործակալության հետ աշխատելը խիստ բարդացել է, քանի որ Ահարոն Բարսեղյանն ունեցել է «սիրված եւ չսիրված» պետական բժշկական կենտրոններ, որոնց հանդեպ, ըստ այդմ, տարբեր վերաբերմունք է եղել։ Հատկապես ծանր վիճակում են հայտնվել մանկաբուժական եւ մանկական վերականգնողական ծառայություններ տրամադրող հաստատությունները։ Ըստ մեր զրուցակցի՝ նորաստեղծ «Ուիգմորի» համար, ակնհայտորեն, ջերմոցային պայմաններ են ստեղծվել, իսկ նրանց մրցակիցների համար՝ արհեստական խնդիրներ, դժվարություններ։ 

Օրինակ, պետական բժշկական կենտրոններից մեկը` Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնը, թերֆինանսավորման պատճառով հաճախ անկարող է եղել նույնիսկ ժամանակին վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը։ Թերֆինանսավորել է ՄԻԱՎ ունեցող բուժառուներին օգնություն տրամադրող միակ բժշկական հաստատությունը, իսկ Ահարոն Բարսեղյանը դեռեւս 2018 թվականին «Տղամարդկանց հետ սեռահարաբերվող տղամարդկանց (ՏՍՏ) եւ տրանս անձանց համար ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների ազգային ֆինանսավորման բացերի գնահատում» թեմայով զեկույցով էր հանդես գալիս:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: