կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բուդապեշտը նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարար

Բուդապեշտը նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարար

Մեծ պատիվ է մեզ համար 15 տարվա ընդմիջումից հետո հյուրընկալել ՀՀ ԱԳ նախարարին: Սա առաջին անգամն է իմ՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց ի վեր, որ Հայաստանի դրոշը տեղադրվում է մեր նախարարության շենքում։

Այս մասին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Պյոտր Սիյարտոն:

«Եթե մենք խաղաղ միջոցներ չգտնենք, աշխարհը շուտով կմոտենա երրորդ համաշխարհային պատերազմին։ Ցավոք, Կովկասի տարածաշրջանը վերջին տարիներին ականատես է եղել հակամարտությունների, որոնք տառապանք են պատճառել տարածաշրջանի բնակիչներին: Մեր նպատակն է նպաստել խաղաղությանը և սա վերաբերում է նաև Հարավային Կովկասին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված զգալի քայլերը խաղաղության ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Հունգարիան կցանկանար նպաստել խաղաղության ջանքերին»,- նշեց Հունգարիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝  երկար ընդմիջումից հետո Հայաստանն ու Հունգարիան եկել են վերսկսելու դիվանագիտական հարաբերությունները, իսկ անցյալ տարի քայլեր ձեռնարկեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչի արդյունքում ստորագրվեց տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր և ծրագիր, որի հիման վրա աշխատանքային խումբ կստեղծվի։ Դրա խնդիրն է լինելու արագացնել տնտեսական կապերի զարգացումը։ Արդեն արձանագրվել է առևտրաշրջանառության աճ և հունգարական ընկերությունների ակտիվության ավելացում Հայաստանի Հանրապետությունում, արդեն հուլիսին մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կբացվի։

«180 մլն ֆորինտ փուլ առ փուլ կտրամադրվի Հայաստանում նոր կյանք սկսող հայ ընտանիքներին։ Միջոցները կհատկացվեն ԱՕԿԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ 1,200 հայ երեխա և ծնող հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել Հունգարիայում, իսկ ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ: Հունգարիայի 4,200 հոգանոց հայ համայնքին կհատկացվի 2 միլիարդ ֆորինտ՝ մշակույթի ու ինքնության պահպանման համար»,- ընդգծեց Սիյարտոն։

Անդրադառնալով վիզաների ազատականացմանը՝ Սիյարտոն ասաց, որ ԵՄ-ում Հունգարիայի նախագահության նախօրեին Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել (վիզաների ռեժիմի) ազատականացման շուրջ և հուսով է, որ գործընթացները հաջողությամբ կպսակվեն:

  • Կիսվել: