Իմ օգնականը կապ չունի թմրանյութի հետ, այս գործը գտնվում է իրավական դաշտում. Արագածոտնի մարզպետ
Հարցը գտնվում է իրավապահների դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն տեղեկություններ չեմ կարող տալ, որովհետև ոչ միայն մասնագիտական, այլև դետալային ինֆորմացիա է պետք, իսկ ես մասնագետ չեմ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ անդրադառնալով նրան, որ իր օգնական Արմեն Մարկոսյանը թմրանյութի կասկածով բերման է ենթարկվել:
«Ինչ ասել եմ, ավելացնելու բան չունեմ, ու կարծում եմ՝ քննությունից հետո բոլոր հարցերի պատասխանը կստանանք:
Տե՛սեք, քանի որ հարցը վերաբերում է իմ օգնականին և բոլոր իմ գնահատականները կլինեն սուբյեկտիվ, ես էլ պաշտոնատար անձ եմ, ես իմ կարծիքն եմ ասել, ես մարդկանց հետ շփվելով կարող եմ եմ կարծիք ձևավորել: Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևույթների հետ կապ չունի։ Դա իմ սեփական կարծիքն է, բայց ոչ ես բժիշկ եմ, ոչ հոգեբան եմ: Ես մարդ եմ, որը ունեմ իմ սեփական կարծիքը, որը որ հնարավոր է նաև սխալ լինի»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է պատահում, որ յս իշխանության ներկայացուցիչների, այդ թվում նաև առանցքային դեմքերի հետ կապվում են թմրանյութի թեմաներ, մարզպետը պատասխանեց. «Լինել իշխանության մաս, պատասխանատու պաշտոն զբաղեցնել կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ լինել, դա իր հետ պատասխանատվություն է բերում և բնական է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են պաշտոնյաներին, ավելի շատ են հետաքրքրում հանրությանը, հետեւաբար, պաշտոնատար անձին վերաբերվող դրական կամ բացասական երևույթը շատ ավելի մեծ տարածում է ստանում»:
Դիտարկմանը, թե արդյոք այս միջադեպի թեմայով խոսակցություն ունեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Սերգեյ Մովսիսյանն ասաց. «Իմ կարծիքով, ինչը անհրաժեշտ է, որ վարչապետը արձագանքի, վարչապետը արձագանքում է: Ես չէ, որ պիտի պատասխանեմ այդ հարցին»: